Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Cartoon Non-Stop բացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի երաժշտությունները:
Ծրագրում ներառված են այնպիսի աշխարհահռչակ մուլտֆիմերի երաժշտություններ, ինչպիսիք են «Վարդագույն հովազը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկարը», «Շրեկը», «Ալադդինը» և այլն:
«Cartoon Non-Stop»–ը 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած «Hollywood Non-Stop» համերգաշարի շարունակությունն է: Կատարումները կուղեկցվեն համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով և լուսաձայնային էֆեկտներով՝ ավելի տպավորիչ դարձնելով ունկնդրումը: